Գլխավոր էջ » 2015 » Փետրվար » 9 » 12 բրենդեր ու ապրանքներ, որոնց գները խայտառակ բարձր են ինքնարժեքից (Photo)
20:40
12 բրենդեր ու ապրանքներ, որոնց գները խայտառակ բարձր են ինքնարժեքից (Photo)

Անգլիացիներն ասում են. «Մենք այդքան հարուստ չենք, որպեսզի մեզ թույլ տանք էժան բաներ գնել»։ Սա, ինչ խոսք, իմաստուն միտք է, որովհետև, այնուամենայնիվ, գին-որակ հարաբերակցությունում կա որոշակի տրամաբանություն, ու նորմալ է, երբ դու գերադասում ես, օրինակ, 9000 դրամանոց թուրքական ջինսի փոխարեն մի քանի հազար դրամ ավել վճարել ու գնել ինչ-որ նորմալ բրենդի տաբատ, որը շատ ավելի որակով է ու ի տարբերություն թուրքական ջինսի՝ 1-2 անգամ հագնելուց հետո դեն նետելու բան չի դառնում։

Սակայն այստեղ ընկերություններն ու բրենդերը սկսում են իրենց անազնվությունը և հաճախ այնպիսի շուկայական գներ են սահմանում իրենց ապրանքների վրա, որոնք կարող են անգամներով ու տասնյակ անգամներով գերազանցել այն օբյեկտիվ ինքնարժեքը, որն ունի տվյալ ապրանքը։ Նրանք դա անում են՝ օգտվելով իրենց բրենդի ճանաչվածությունից, մենաշնորհային կարգավիճակից կամ էլ գնի սպեկուլյացիայից։ 

Ձեզ ենք ներկայացնում ամենախայտառակ գին-ինքնարժեք հարաբերակցությունն ունեցող 12 անուն ապրանքատեսակներն ու բրենդերը։

1. iPhone 

Թեև Apple ընկերությունն առանձնապես չի հանրայնացնում իր արտադրական ծախսերն ու ապրանքների ինքնարժեքը ձևավորող այլ կոմպոնենտները, սակայն փորձագետների գնահատականով՝ iPhone 6 (128 Gbt) ապրանքի ինքնարժեքը կազմում է 230 դոլար, այնինչ, ամերիկյան խանութներում դրա գինը կազմում է 849 դոլար, եթե ամբողջովին նոր է, իսկ Հայաստանում լրիվ նոր հեռախոսը կարելի է գնել մոտ 1200 դոլարով, ինչը գրեթե 5 անգամ ավելի շատ է, քան ապրանքի ինքնարժեքը։

2.Ադիդաս

Ինչ խոսք, Adidas-ը հիանալի բրենդ է, որն արտադրում է բարձրորակ ու ոճային հանդերձանք, սակայն քչերը գիտեն, որ այս և շատ այլ հագուստ ու կոշիկ արտադրող ընկերություններ իրենց արտադրությունը վաղուց տեղափոխել են Արևելյան Ասիա, որտեղ աշխատուժը և արտադրության այլ ծախսերը տասնյակ անգամ ավելի քիչ են, քան Եվրոպայում և Ամերիկայում։ Գրեթե անհնար է ճշգրիտ ինքնարժեքը հաշվել նույն Ադիդասի ապրանքների արտադրության համար, բայց փորձագետների համոզմամբ՝ մեկ զույգ սովորական սպորտային կոշիկի ինքնարժեքը կազմում է 2 դոլար։ Այնինչ, եվրոպական խանութներում այդ կոշիկը վաճառում են արդեն մոտ 100 դոլարով (եթե չկա սեյլ), իսկ Հայաստանում՝ սկսած միջինը 70000 դրամից։

3. Louise Vuitton

Լուի Վիտոնն աշխարհի ամենաթանկարժեք բրենդերից է։ Դա հասկացանք, բայց ոչ մի տրամաբանական բացատրություն չի կարող լինել նրան, թե ինչո՞ւ պետք է 50-100 (կախված դրա չափսից ու պատրաստման համար օգտագործված նյութերից, ինչպես նաև պատրաստման վայրից) դոլարից ոչ ավել ինքնարժեք ունեցող պայուսակը վաճառվի մոտ 1500 դոլարով։ Ընդ որում, անգամ կոկորդիլոսի կամ էլ օձի կաշի չի օգտագործվել, ոսկյա ու այլ թանկարժեք մետաղից պատրաստված մասեր չկան. ուղղակի կաշվե պայուսակ է, որի վրա դաջված է էլիտար LV մակագրությունը...

4. Chanel

Ինչպես և այլ անվանի ընկերություններ, Շանելը ևս թաքցնում է իր արտադրած ապրանքների ռեալ ինքնարժեքը, ու միայն կողմնակի փաստեր իմանալով ու բաղադրության մեջ մտնող նյութերի շուկայական գները հաշվարկելով՝ կարելի է մոտավոր պատկերացում կազմել դրանց գների մասին։ Օրինակ՝ մեծ սկանդալ էր բարձրացել, երբ Daily Mail-ը պարզել էր, որ կոսմետիկ միջոցներ ու քսուկներ արտադրող մեկ այլ էլիտար բրենդ Creme de la Mer-ի՝ 230 միլիգրամանոց տարայով քսուկը վաճառում էր 800 դոլարով, մինչդեռ դրա բաղադրամասերի ընդհանուր գինը չէր կարող գերազանցել 40 դոլարը։

Պետք չէ կարծել, որ Շանելը շատ ավելի թանկ բաղադրամասեր ու արտադրական գիծ ունի, ուստի եթե ընդունենք 20։1 գին-ինքնարժեք մոդելը, ապա Շանելի Sublimage քսուկը, որի շուկայական գինը մոտ 200 դոլար է կազմում, ունի մոտ 10 դոլար կազմող ինքնարժեքով բաղադրություն։

5. Coca Cola

20-րդ դարի խորհրդանիշներից մեկը դարձած այս զովացուցիչ ըմպելիքը կարող է նաև համարվել այս անտի-ռեյթինգի արժանի անդամ։ Բանն այն է, որ 1 լիտր կոլայի ինքնարժեքը չի գերազանցում 20 դրամը։ Սրան գումարեք ալյումինե տարայի գինը, ու կստացվի, որ 0.33 տարողունակությամբ ալյումինե բանկայով կոլայի ինքնարժեքը մոտ 20 դրամ է կազմում։ ԱՄՆ-ում մեկ բանկա կոլան արժի մոտ կես դոլար, ինչն այսօրվա փոխարժեքով կազում է 240 դրամ, իսկ Հայաստանում նույն այդ կոլան, որի ինքնարժեքը 20 դրամի կարգի է, վաճառվում է 270 դրամով։

6. Hublot

Hublot ընկերությունն աշխարհի ամենաէլիտար շվեյցարական ժամացույցներ արտադրող ընկերություններից մեկն է։ Էլիտարությունը՝ էլիտարությամբ, բայց մենք ոչ մի ռացիոնալ բացատրություն չենք կարողանում գտնել, թե ինչպես կարող է նկարի մեջ պատկերված ժամացույցը, որն, ի դեպ, պատրաստված է ռետինից, կարբոնից ու երկաթից, արժենալ 21.500 դոլար։ Ինքնարժեքը հաշվելը շատ բարդ է այս պարագայում, որովհետև սա ձեռագործ աշխատանք է, խիստ սահմանափակ խմբաքանակով է թողարկվում, շատ վստահելի է և այլն, բայց ինքնարժեքի մասին պատկերացում ունենալու համար կարող ենք ասել, որ դրա բարձրակարգ կրկնօրինակը, որը միանգամից չես էլ տարբերի, ու որը երկար տարիներ կաշխատի, կարելի է ձեռք բերել 100-200 դոլարով։

7. Mercedes

Հեղինակավոր Interbrand գնահատող ընկերությունը պարզել է, որ Մերսեդես ընկերության արտադրած մեքենաների գնագոյացման վրա հսկայական դեր ունի հենց բրենդը։ Եթե մեքենայի հումքի ու պահեստամասերի գինը կազմում է մեքենայի մանրածախ գնի 10 տոկոսը, ապա զուտ Mercedes բրենդը կազմում է մեքենայի գնի 49 տոկոսը։ Հետևաբար, նույն Mercedes S550 մեքենան ԱՄՆ-ում լրիվ նոր՝ բազային կոմպլեկտացիայով, կարող եք ձեռք բերել 94000 դոլարով։ Հաշվի առնելով մեր մաքսային ծառայության էմպիրիկ ու կենդանի երևակայությունը՝ մաքսատուրք սահմանելու հարցում, Հայաստանում այս մեքենան լրիվ նոր վիճակում կարժենա մոտ 130.000 դոլար, ու դա այն պարագայում, երբ մեքենայի ինքարժեքը կազմում է մոտ 47.000 դոլար։

8. Գրիչ

Հայաստանում ամենասովորական գրիչների մանրածախ գինը կազմում է 50 դրամ մեկ հատը։ Դուք հավանաբար կզարմանաք՝ պարզելով, որ նման մեկ գրչի ինքնարժեքը կազմում է 8-10 դրամ։ Այսինքն, տոկոսային առումով սովորական գրիչը նույնքան գերարժևորված է, որքան iPhone 6-ը։

9. Պոպկորն

Օրինակ՝ Մոսկվա կինոթատրոնում պոպկորնի փոքր չափսն արժե 500 դրամ, դե իսկ Սինեմա Սթարի ոսկեջրած ու հավանաբար նաև ադամանդապատ ադի-բուդու գների մասին կարող ենք համեստորեն լռել էլ։ Իսկ դուք գիտե՞ք, որ 26-27 գրամ աղի պոպկորնի ինքնարժեքը չի կարող 50 դրամից ավել լինել...

10. Շշալցված ջուր

Առանց լոգոների նկար եմ դրել, որովհետև շշալցված ջուր արտադրող բոլոր հայաստանյան ընկերություններն էլ կան այս նույն մեքենայության մեջ։ Հայաստանում 1 լիտր ջրի գինը 0.16 դրամ է, հետևաբար կեսլիտրանոց շշերը, որոնք խանութներում վաճառվում են միջինում 140 դրամով, ունեն մոտ 10 անգամ ավելի ցածր ինքնարժեք՝ ջրի, տարայի, աշխատավարձի ու այլ արտադրական ծախսերի հաշվին ձևավորվող։

11. Էլեկտրաէներգիա

 

Էլեկտրաէներգիա սպառում ենք բոլորս, հետևաբար «քցվում ենք» նաև բոլորով։ Դեռ 2012 թվականին Հայաստանում արտադրվող էլեկտրաէներգիայի միջին ինքնարժեքը կազմում էր մոտ 11 դրամ, իսկ սպառողին վաճառվում էր 25 դրամով, սակայն «Հայաստանի էլեկտրական ցանցերի» աղեկտուր հեծկլտոցներից հետո մենք այժմ սպառում ենք 33 դրամ միջին սակագնով (ցերեկային ժամերին՝ 38, գիշերային ժամերին՝ 28)։ Անկախ նրանից, թե որքան է թանկացել էլեկտրաէներգիայի ինքնարժեքը, միևնույն է, մենք այժմ գնում ենք էլեկտրականությունը մոտ 3 անգամ ավելի թանկ, քան դրա ինքնարժեքն է։

12. Ռուսական գազ

the gasfather

Անկախ նրանից, թե ինչ են մեզ պատմում ռուսաստանյան ներկայացուցիչները, հայտնի է, որ 1000 խորանարդ մետր գազի արդյունահանման ինքնարժեքը կազմում է մոտ 21 դոլար։ Հայտնի է նաև, որ ռուսական գազի հանքերից մինչև ՀՀ պետական սահման գազի հասցնելու լոգիստիկ ու այլ ծախսերը կազմում են մոտ 60 դոլար։ Եկեք համարենք, որ դրա մեջ չի մտնում արդյունահանման գինը, և ենթադրենք, որ Հայաստանի սահմանին Գազպրոմը գազը հասցնում է 81 դոլար ինքնարժեքով ու վաճառում է 100 տոկոսով իրենց պատկանող Գազպրոմ Արմենիա դուստր ձեռնարկությանը 188 դոլարով։ Ու միայն Գազպրոմն ու երևի Պուտինը գիտեն, թե այդ ինչպես է լինում, որ Հայաստանի պես մի թիքա տեղում հազարավոր կիլոմետրերից բերված 81 դոլար ինքնարժեք ունեցող գազը «ստիպված են» վաճառել մոտ 324 դոլարով, այսինքն՝ ինքնարժեքից 4 անգամ ավելի թանկ ու դեռ մի բան էլ պնդում են, որ վնասով են աշխատում։

Դիտումներ: 583 | Ավելացրեց: sipan | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]