Գլխավոր էջ » 2013 » Մարտ » 1 » Հայաստանյան 50 դպրոցներում կստեղծվեն ռոբոտաշինության խմբակներ
21:38
Հայաստանյան 50 դպրոցներում կստեղծվեն ռոբոտաշինության խմբակներ

Հայաստանի 50 դպրոցներում նախատեսում է ստեղծել ռոբոտաշինության խմբակներ: Այս մասին այսօր՝ փետրվարի 27-ին, հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը՝ նշելով, որ այս նախաձեռնությունը կյանքի է կոչվում՝ Վիվա Սել-ՄՏՍ ընկերության, Քրոնիմետ բարեգործական հիմնադրամի, «Վորլդ Վիժն» հայաստանյան ներկայացուցչության և Քաունթերփարթ Ինթերնեշնլի հետ համագործակցության շնորհիվ:
Նախաձեռնության նպատակն է՝ հետաքրքրություն առաջացնել աշակերտների մոտ ռոբոտատեխնիկայի ոլորտի նկատմամբ,  զարգացնել ճարտարագիտական մտածելակերպը, ինչպես նաև ապագա ուսանողներին նախապատրաստել տեխնիկական  համալսարաններում սովորելուն:
Ըստ ԻՏՁՄ գործադիր տնօրենի՝ տարեցտարի ավելանում է ռոբոտաշինությամբ հետաքրքրվող և ռոբոտների մրցույթներին մասնակցել ցանկացող երեխաների թիվը, ովքեր, ի դեպ, բավական մեծ հաջողություններ են գրանցում մրցույթների ժամանակ: «Զարգացումներին ավելի մեծ ընթացք տալու նպատակով` միությունը նախագծել է ուսումնական խմբակի համար նախատեսված ռոբոտի կոմպլեկտ: Ներկայումս նախատեսվում է իրականացնել պիլոտային ծրագիր, որի շրջանակներում Հայաստանի 50 դպրոցի կտրամադրվեն ուսումնական ռոբոտների համապատասխան կոմպլեկտներ»,- ասաց Կ. Վարդանյանը: (Ստորև կարող եք ծանոթանալ դրանց ցանկին.-  Լ.Մ)
 
Վիվա Սել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի խոսքով՝ ռոբոտաշինության զարգացումը մեր երկրի մրցունակության ամրապնդման հեռանկարներից մեկն է: «Վստահաբար, սովորողներից շատերը կցանկանան մասնագիտանալ հենց ռոբոտաշինության ոլորտում՝ գերկարևոր այդ բնագավառում դառնալով մեր երկրի մրցակցային առավելության կրողներն աշխարհում»,- ասել է Ռալֆ Յիրիկյանը՝ նշելով, որ ռոբոտաշինության զարգացումը որոշակիորեն կնվազեցնի նաև ուղեղների արտահոսքը:
Տեղեկացնենք, որ դպրոցական խմբակներում դասընթացները նախատեսված են 2013թ.  սեպտեմբերից: Ծրագրի շրջանակներում` հունիս-հուլիս ամիսներին, նախատեսվում է նաև համապատասխան դպրոցների ուսուցիչների վերապատրաստում: Ուսումնական ռոբոտների ծրագրավորումը հնարավոր կլինի Լաբվյու, «Մայքրոսոֆթ ռոբոտիքս ստուդիո» ծրագրերի միջոցով:
Նշենք, որ ներկայում ռոբոտաշինության խմբակներ կան Երևանում գործող Այբ դպրոցում, Քվանտ և Պոլիտեխնիկ վարժարաններում, իսկ մարզերից` Լոռիում (Ախթալա), Սյունիքում (Սիսիան, Կապան), Շիրակում (Գյումրի) և Արագածոտնում (Թալին):
2013 թվականի ընթացքում ԱրմՌոբոտիքսի շրջանակներում 50 համայնքներին/մարզերին,  նախատեսված  է տրամադրել ուսումնական ռոբոտների կոմպլեկտները:


Դիտումներ: 466 | Ավելացրեց: sipan | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]