02:13 26.08.2012
Բեռլինում կայացավ WBO-ի վարկածով սուպերմիջին քաշային կարգում աշխարհի չեմպիոնի կոչման մրցամարտը, որում ռինգ դուրս եկան Գերմանիան ներկայացնող երկու բռնցքամարտիկներ` Արթուր Աբրահամը ու Ռոբերտ Շտիգլիցը: Վերջինս WBO-ի վարկածով գործող չեմպիոնն էր:
Փորձառու բռնցքամարտիկների պայքարում մասնագետները նախապատվությունը տալիս էին Արթուր Աբրահամին, ով Գերմանիայում կայացած մրցամարտերում երբեք խնդիրներ չի ունեցել: Այս անգամ ևս Աբրահամն իր բարձրության վրա էր ու հանդիպման հենց սկզբից տիրեց նախաձեռնությանը:
Աբրահամի հարվածները հաճախ էին հասնում նպատակին ու պատահական չէ, որ Շտիգլիցի դեմքին պատռցված հայտնվեց 3-րդ ռաունդի ընթացքում: Հաջորդ ռաունդների ընթացքում հայ մարզիկն ավելացրեց առավելությունը ու մի շարք տպավորիչ հարված հասցրեց գերմանացուն, սակայն գործը նոկաուտի չհասավ: Շտիգլիցը բավական վտանգավոր հարված հասցրեց 9-րդ ռաունդում, ինչը թույլ տվեց Աբրահամին սթափվել ու ավելի զգույշ գործել վերջնամասում:
Վերջին 3 ռաունդների ընթացքում Շտիգլիցը փորձեց հավասարեցնել հաշիվը, սակայն Աբրահամը շատ լավ պաշտպանվեց: 12 ռաունդներից հետո մրցավարները 116:112, 116:112, 115:113 հաշվով հաղթանակը շնորհեցին Աբրահամին:
Իր կարիերայի 38-րդ մրցամարտում Արթուր Աբրահամը տոնեց 35-րդ հաղթանակը ու 3 տարվա ընդմիջումից հետո կրկին տիրեց չեմպիոնական գոտու: Արթուր Աբրահամը WBO-ի վարկածով առաջին անգամ դարձավ չեմպիոն, իսկ նախկինում հաջողություններ էր գրանցվել IBF-ի վարկածով: Սուպերմիջին քաշային կարգում սա Աբրահամի առաջին հաջողությունն էր:
Ինչ վերաբերում է 31-ամյա Ռոբերտ Շտիգլիցին, ապա նա 45-րդ անգամ դուրս եկավ ռինգ ու կրեց 3-րդ պարտությունը:
|